Այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավիրած «ՆԱՏՕ. մարտահրավերներ և տեսլականներ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ խորհրդարանական վեհաժողովում եղել են ակտիվ քննարկումներ՝ կապված Սիրիայում, Աֆղանստանում տիրող իրավիճակների հետ: Քննարկվել է նաև ՈՒկրաինայում տիրող իրավիճակը: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունները նա համարեց շատ բարձր մակարդակի: Նա հիշեցրեց, որ Հայաստանի զինված ուժերը ներգրավված են ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերում: Նա ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում կարևոր է համարում պաշտպանության ոլորտի բարեփոխումները:
Մայիսի 20-ին կայացած հանդիպման ժամանակ, ըստ Կորյուն Նահապետյանի, Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս արտգործնախարարի և պաշտպանության նախարարի, հավաստել են իրենց հավատարմությունը՝ խորացնելու հարաբերությունները ՆԱՏՕ- ի հետ:
ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հետաքրքրվեց, թե ինչ պլաններ ունի ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում:
Կորյուն Նահապետյանն ասաց, որ առաջիկայում հայկական պատվիրակությունը մասնակցելու է Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի սեմինարին: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նա հիշեցրեց, որ Վրաստանն ընտրել է եվրաատլանտյան ուղին, որը, ըստ նրանց պաշտոնյաների, չունի այլընտրանք: Անկախ այն հանգամանքից, թե Վրաստանն ինչ ինտեգրացիոն ուղի կընտրի, ապա, ըստ պարոն Նահապետյանի, Վրաստանը շարունակելու է մնալ որպես ՀՀ-ի բարեկամ երկիր:
Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կառլ Ա. Լամերսը նշեց, որ ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները Ռուսաստանի խնդիրը չեն: Կորյուն Նահապետյանն էլ արձագանքեց, որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում, թե ինչ անվտանգության համակարգ է ընտրում, և պետք է հարգել տվյալ պետության որոշումը:
Կառլ Ա. Լամերսը եղել է Եվրամայդանում և այնտեղ տեսել է հրաշալի երիտասարդների, որոնք ասել են՝ «Ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Յանուկովիչին, ո՛չ կոռուպցիային»: Ըստ նրա՝ այնտեղ չեն եղել ահաբեկիչներ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա նշեց, որ այստեղ այլ իրավիճակ է, և ԵՄ-ն պետք է մտածի համագործակցության որևէ ձևաչափ գտնելու մասին:
Մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե որքանով է պարոն Լամերսը Ղրիմի նկատմամբ իրականացվող ՌԴ-ի քաղաքականությունը համարում բռնակցում այն դեպքում, երբ Ղրիմը նախկինում պատկանել է ՌԴ-ին:
Կառլ Ա. Լամերսը նշեց, որ նախկինում Ղրիմում եղել է հանգիստ, մարդիկ ապրել են կողք կողքի, առանց խնդիրների: Խնդիրներ, ըստ նրա, ծագեցին այն ժամանակ, երբ Վ. Պուտինը տեսավ Ղրիմը պոկելու ճանապարհ: Պարոն Լամերսը պնդեց, որ ՌԴ-ն է խախտել միջազգային պայմանագրերը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ